«ՊԵԿ աշխատակիցների բաց նամակի պատճառն այդ աշխատակիցների աշխատավարձի նվազումն է». Արթուր Սաքունց
22:00, March 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցները երեկ անանուն բաց նամակ (տեսանյութի տեսքով) էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նշվում էր, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մաքսային ոլորտի վերահսկողությունը տվել է իր եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, ով իր համախոհների հետ միասին մաքսային ծառայությունում ստեղծել է հանցավոր խումբ և նրանց հետ միասին յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ:
Տեսանյութը «Յութուբ»-ում ներկայացվել է «Ֆեյսբուք»-ի օգտատեր Գարաբեդ Հովսեփյանի կողմից, որը վերնագրված է «Բաց նամակ ՊԵԿ աշխատակիցներից ԶԼՄ-ին և Սերժ Սարգսյանին»:
Մեկնաբանելով ՊԵԿ-ի աշխատակիցների այդ քայլը, և պատասխանելով MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ այս «հանցագործությունը» բարձրաձայնելու և հրապարակայնացնելու համար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց. «Տեսանյութում ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից այդ հրապարակայնացումը ոչ միայն տարանջատման հետ է պայմանավորված, այլ այն իրավիճակով, որ ստեղծվել է դեռևս տարվա սկզբից` ֆինանսների նախարարության շրջանակում, որովհետև ըստ ինձ հասած լուրերի, այդ մարդկանց աշխատավարձը, որն իրենք վաստակում էին` նվազել է: Այսինքն` բացի բուն աշխատավարձից, նրանք ստանում էին նաև որոշակի հավելավճարներ, որոնք այլևս իրենցը չեն և դժգոհությունը, հիմնականում, պայմանավորված էր իրենց ֆինանսական վիճակի վատթարացմամբ: Այնպես որ, այդ երկու պատճառներն ուղղակի համընկել են… Այն ձևը, որն ընտրվել էր առանց անունները նշելու, վկայում է այն մասին, որ վախի մթնոլորտը պետական ապարատի ներսում այնքան մեծ է. որ մարդիկ չեն կարող իրենց օրինական պահանջներն իրենց իսկ անունից հրապարակավ ներկայացնել, քանի որ կարող են զրկվել աշխատանքից:
Հարցին, թե, ըստ իրավապաշտպանի, ինչպես կարձագանքի խնդրին Ս. Սարգսյանը, քանի որ նամակը հենց նրան էր ուղղված, և, ընդհանրապես, ինչ քայլեր պետք է ձեռնարկվի այս հայտարարությունից հետո, Սաքունցն ասաց. «Սերժ Սարգսյանը շատ էլ լավ տեղյակ է: Սա առաջին դեպքը չէ, երբ կոռուպցիոն հանցագործության մասին ահազանգ է լինում, բայց, ինչպես միշտ, պատասխանատվություն կրում են ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք հենց կոռուպցիոն մեխանիզմների կնքահայրեր ապահովողներն են, այլև` գտնում են քավության նոխազներ, որոնք միշտ պատասխանատվության են ենթարկում այդ կոռուպցիոն մեխանիզմին մասնակցության համար»:
Սաքունցի կարծիքով նման խնդրի դեպքում, առաջին հերթին հարցը պետք է ուղղել հենց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհուրդին, որի նախագահը վարչապետն է: «Այդ խորհուրդը, որն, իբր, կոչված է կոռուպցիայի դեմ պայքարելուն, արդյոք ունի՞ անելիք, կամ իր գործառույթների շրջանակո՞ւմ է նման ահազանգերով զբաղվելը: Ես անձամբ հայտարարել եմ, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի ձևաչափը արդյունավետ համարել չենք կարող, որովհետև ինքը զբաղվում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարով, այլ, ընդհամենը, գնահատականներ տալով, որոնց հիմնավորվածությունը նույնպես կասկածի տակ են»: