ՀՀ Վարչական դատարանը կքննի ՀՀ Կենտրոնական ընտրանական հանձնաժողովի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը
10:45, June 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել: Դրանով Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ԿԸՀ-ին պատշաճ պատասխան տրամադրել իր՝ 2017 թ. մարտի 30-ի դիմում-առաջարկին:
ՀՀ Աժ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: Իր որոշումները ՀՀ ԿՀԸ-ն մեկնաբանել է նրանով, որ Կազմակերպության իրավունքներն անմիջականորեն չեն խախտվել և վերջինս նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունի:
Մինչդեռ առաջարկություններ ներկայացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով և օրենքներով, և ըստ դրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է օրինական և հիմնավոր պատասխան ներկայացնել:
Համանման դիմում-առաջարկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նաև 2017 թ. մարտի 26-ին «Գորիսի մեդիա գրուպ» կոչվող լրատվական կայքում հրապարակված նյութի վերաբերյալ: Դրանում Գորիսի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ շնորհակալություն էին հայտնում պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանին՝ Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք՝ իրենց այցելությունները ֆինանսավորելու համար և պատգամավորության թեկնածուին հաղթանակ էին մաղթում առաջիկա ընտրություններում: Հաշվի առնելով, որ տեղի ունի ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները սահմանող 19-րդ հոդվածի դրույթների խախտում՝ 2017 թ. մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ԿԸՀ՝ նյութի հիման վրա վարչական վարույթ հարուցելու և ՀՀ Վարչական դատարան դիմելու հարցով:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թ. ապրիլի 8-ին հրավիրված արտահերթ նիստում նույն պատճառաբանությամբ մերժել է վարչական վարույթի հարուցումը: Որևէ այլ պատասխան ՀՀ ԿԸՀ-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին չի տրամադրել:
ՀՀ Վարչական դատարանում հայցի քննությունը նշանակված է 2017 թ. հունիսի 30-ին՝ ժամը 10:00-ին: