Human Rights Watch. «Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն և ապահովեն պաշտպանություն»
11:47, June 8, 2017 | Այլ, Հայտարարություններ
Արթուր Սաքունց (կենտրոնում): Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երևանում, 15.05.2017: © 2017 azatutyun.am (RFE/RL)
Բեռլին. այսօր «Հյումըն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Հայաստանում հայտնի իրավապաշտպանի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչեցվել: Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրավապաշտպանի էջին տեղ գտած սպառնալիքները և ապահովեն նրան անհրաժեշտ պաշտպանությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ) նախագահ Արթուր Սաքունցը հայտնել է, որ 2017թ. հունիսի 2-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր Սաքունցի ֆեյսբուքյան էջում թողած մեկնաբանության մեջ սպառնացել է սպանել նրան: Սպառնալիքը հայտնվել է ի պատասխան նույն օրը Սաքունցի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման, որտեղ իրավապաշտպանը քննադատել է Հայաստանի կառավարությանը: Մահվան սպառնալիքին հաջորդել է ևս մեկ սպառնալիք Ֆեյսբուք ցանցի մեկ այլ օգտատիրոջից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հայաստանի առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից է:
«Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ կատարեն Արթուր Սաքունցին հասցեագրված մահվան սպառնալիքը հետաքննելու և նրան անհրաժեշտ պաշտպանությամբ ապահովելու իրենց պարտավորությունները» ասել է «Հյումըն ռայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենը. «Ոչ ոք չպետք է վախենա մահից Կառավարությանը հրապարակավ քննադատելու համար»:
Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ հունիսի 2-ի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է հետևյալը. «Սաքունց, ես քեզ սպանելու եմ… քո նման [դավաճանների] գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ. կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»: Ավանեսյանի գրառումից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցի ևս մեկ օգտատեր՝ Արթուր Ղազարյան անունով, նույնպես սպառնացել է Սաքունցին՝ նշելով. «Երկիրը պետք է մաքրել նրանից»:
Հունիսի 5-ին Սաքունցը մահվան սպառնալիքի մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որը ներկայումս ուսումնասիրում է այն՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական հետաքննություն սկսելու համար հիմքերն առկա են, թե ոչ:
«Հյումըն ռայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպության հետ զրույցում Սաքունցը հայտնել է, որ նախկինում էլ է ստացել սպառնալիքներ, սակայն հունիսի 2-ի սպառնալիքը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այս դեպքում խիստ հստակ նշվել է սպառնալիքը կյանքի կոչելու եղանակը, անգամ փամփուշտի տրամաչափը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես մտահոգություն է հայտնել սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել նախաձեռնել քննություն:
1998 թվականից գործող ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնվում է Հայաստանի` մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում: Կազմակերպությունը իրավաբանական օգնություն է տրամադրում մարդու իրավունքների խախտումներից տուժած անձանց, քաղաքականության վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում կառավարությանը, իրականացնում է ընտրությունների մշտադիտարկում և խաղաղասիրական գործունեություն: