Դատարանը մերժեց անզգույշ կրակոցից մահացած Մարատ Դիմաքսյանի գործով վերաքննիչ բողոքը
14:15, July 30, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2013 թ. հուլիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի զինվորական և քրեական գործերով վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ դատական նիստ Մարատ Դիմաքսյանի գործով:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մեկ նիստով ավարտեց դատը, և չանդրադարձավ վերաքննիչ բողոքում ներկայացված հարցերից որևէ մեկին, մասնավորապես չքննվեց այն հարցը, որ արտակարգ դատարանների ստեղծումը ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի արգելվում է, և բողոքում պահանջ էր ներկայացվել գործը ուղարկել ընդդատյա դատարան՝ նոր քննության, բեկանելով նախորդ վճիռը, որը կայացրել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Դատարանը նաև անդրադարձ չկատարեց Մ. Դիմաքսյանին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցին: Ինչպես նշում է Ա. Սաքունցը, եթե ժամանակին բուժօգնություն ցուցաբերվեր մի գուցե հնարավոր կլիներ խուսափել մահվան ելքով դեպքից, սակայն թե′ նախաքննական, թե′ քննական փուլերում այս հարցը ուշադրության չի արժանացել:
Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Գոռ Ալավերդյանի պաշտպանը մի թուղթ ներկայացվեց, որում նշվում էր, որ 2013 թ. մայիսի 23-ին Մ. Դիմաքյանի վրա վնասվածքների հիմքով քրեական գործ է հարուցվել:
Դատարանը մերժեց նաև Գոռ Ալավերդյանի պաշտպան Ա. Ապրեսյանի միջնորդությունը, որում դատարանին միջնորդվում էր ավելի մեղմ վարվել Գ. Ալավերդյանի հանդեպ: Ա. Սաքունցը նշում է, որ Գ. Ալավերդյանի նկատմամբ նրանք դատարանին խիստ վերաբերվելու պահանջներ չեն ներկայացրել և ըստ էության մեղավոր են համարում հրամանատարությանը, քանի որ հետևողական չեն եղել և Ալավերդյանի կողմից արձակված պատահական մահացու կրակոցի հիմնական պատճառը համարում են հենց անհետևողականությունը: «Դատարանում բարձրացվեց նաև հրամանատարների պատասխանատվության հարցը՝ ոչ պատշաճ հսկողություն կատարելու հիմքով, սակայն այս հարցին ևս վերաքննիչ դատարանը անդրադարձ չկատարեց: Այն հարցին թե գործով վկաները ինչու են գտնվել անազատության մեջ, քննիչը հանդես եկավ այն պատճառաբանությամբ, որ այդ վկաները հրամանատարի կողմից տույժի են ենթարկված եղել: Այսինքն, այն նույն հրամանատարները, որոնք պատշաճ հսկողություն չեն կատարել, տույժի են ենթարկել վկաներին»- ավելացրեց Արթուր Սաքունցը:
Այսպիսով, վերաքննիչ դատարանը չքննելով ներկայացված հարցերից և ոչ մեկը, հեռացավ խորհրակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, և ընդամենը կես ժամ անց հրապարակեց վճիռը, որով մերժեց վերաքննիչ բողոքները:
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի ՀՀ վճռաբեկ դատարանում:
Վերաքննիչ բողոքը ամբողջությամբ:
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: