«Երիտասարդ խաղաղասերների բրիգադ» հանուն «ղարաբաղյան» խաղաղության
00:00, March 23, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՕրվա կեսը լուրջ ու կարեւոր քննարկում, երկրորդ կեսը մտերմիկ շփում, ծանոթացում սահմանից այն կողմ ապրող հասակակցի օտար մշակույթի հետ եւ օտարի մեջ սեփականի բացահայտում:
Առաջին անգամ հանդիպելով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում՝ երիտասարդ խաղաղասերները ոչ միայն քննարկեցին Հարավային Կովկասի հակամարտություններն ու դրանց խնդիրները, այլեւ քննարկումներից դուրս՝ մտերմիկ հանդիպումներ՝ պարեր, երգեր ու ուրախ ժամանց ընդհանուր սեղանի շուրջ:
Հարավային Կովկասի հակամարտությունների թեժ կետերից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումների հեղինակը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն է:
Կազմակերպությունն իր ղարաբաղցի ու ադրբեջանցի գործընկերների հետ անցած տարեվերջին Թբիլիսիիում կազմակերպելով հայաստանցի, ադրբեջանցի ու ղարաբաղցի 28 երիտասարդների հանդիպումը՝ նրանց հնարավորություն ընձեռեց քննարկելու իրենց տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հակամարտություններն ու դրանց հետեւանքները, ծանոթանալու խաղաղասիրության գաղափարին:
Ձեւավորվեց «Երիտասարդ խաղաղասերների» բրիգադ, որն արդեն սկսել է ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության հետեւանքներից տուժած հայ, ադրբեջանցի եւ ղարաբաղցի տուժածների՝ փախստականների, անհայտ կորածների ընտանիքների ու ռազմագերիների հիմնախնդիրները:
Երիտասարդների միջոցով պատերազմից տուժածների խնդիրների ուսումնասիրում ու դրանց լուծման նպատակով կառավարություններին ու միջազգային հանրությանն ուղղված զեկույց, հակամարտող կողմերի երիտասարդ լրագրողների ու գրողների, ստեղծագործողների համատեղ աշխատանքներ, ընդհանուր ինտերնետային էջ՝ միմյանց առավել սերտ շփման ու քննարկումների համար:
Սրանք լավագույն տարբերակներն են խաղաղասիրության կառուցման գործում երիտասարդների ներգրավման, ինչը կկանխի հակամարտությունը բռնի ուժով լուծելու գաղափարի սերմանմանը նրանց շրջանում՝ հնարավորություն տալով սեփական աչքերով տեսնելու պատերազմի դրոշմը նրանից տուժածների կյանքում:
Խաղաղասիրական գործընթացներում երիտասարդների ներգրավմանն ուղղված «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» երկամյա ծրագիրն իրականացվում է անցած օգոստոսից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից է կոնֆլիկտների խաղաղ կարգավորման աջակցումը, իսկ «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագիրը նպատակ ունի նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացներում երիտասարդների դերի բարձրացմանը և արդյունավետ մասնակցության ընդլայնմանը: