Այցելություն Լեռնային Ղարաբաղ
00:00, April 21, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի աշխատակազմը եռօրյա այցով` ապրիլի 14-17-ը Լեռնային Ղարաբաղում էր:
Այցի նպատակն էր հանդիպել երիտասարդ ղարաբաղցի խաղաղասերներին` համատեղ ավարտին հասցնելու ղարաբաղյան պատերազմից տուժածների հիմնախնդիրների ուսումնասիրությունը:
Այցելության ընթացքում հանդիպումներ կազմակերպվեցին ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորների ընտանիքների անդամների, պատերազմական գործողությունների ընթացքում գերի ընկած մարդկանց հետ:
«Հակամարտությունից տուժածները ուշադրության, հաղորդակցման պակաս են զգում, ինչը, ցավոք, բերում է նրանց կողմից ագրեսիվ դրսևորումների: Ուստի կարևոր է, որ, արդեն ծանոթ լինելով իրավիճակին, մենք փորձենք քայլեր ձեռնարկել այդ մարդկանց «շրջափակումից» հանելու համար»,-ղարաբաղցի խաղաղասերների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպումների ժամանակ նրանք բարձրաձայնեցին այնպիսի խնդիրներ, որոնք անցած տարիներին համակարգային լուծում չեն ստացել ու շարունակում են խոչընդոտների առջեւ կանգնեցնել նրանց:
Մի կողմից անորոշությունը, մյուս կողմից էլ սոցիալական վատ պայմանները հուսալքել են նրանց ու մեկուսացրել հասարակությունից:
Նույն իրավիճակում են նաեւ նախկին ռազմագերիները: Նրանք եւս մատնված են անուշադրության եւ կարիք ունեն պետության աջակցության:
Ծրագրի աշխատակազմը խաղաղասերների հետ այցելեց անհայտ կորածների հարազատների եւ նախկին ռազմագերիների բնակարաններ` տեղում ծանոթանալով նրանց հիմնախնդիրներին` դրանք արձանագրելով նախապես կազմված հարցաթերթիկներում:
Հատկանշական էր հանդիպումը «ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի հետ: Նա, իր շուրջը համախմբելով ղարաբաղցի անհայտ կորած զինվորների հարազատներին, անցած տարիների ընթացքում ստեղծել է թանգարան:
Այն իր հարկի ներքո ամփոփում է զինվորների նկարները, նրանց տվյալները, նրանց իրերը, զինամթերքը, ռազմաճակատից ուղարկված նամակները: Վերա Գրիգորյանը յուրաքանչյուր անհայտ կորածի համար կազմել է փաստաթղթեր, որտեղ ամփոփված են նրանց մասին վերջին տեղեկությունները: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտների ընտանիքների խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու պետության դերը նրանց հիմնախնդիրների լուծման գործում:
ՀՔԱ Վանաձորի «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի աշխատակազմը ամփոփեց ղարաբաղցի խաղաղասերների հետ ծրագրի հետագա գործողությունները` նրանց հետ պայմանավորվելով հետագա հանդիպումների շուրջ: