Այցելություն Լեռնային Ղարաբաղ
00:00, December 15, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀՔԱ Վանաձորի գրասենյակի ”Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում” ծրագրի աշխատակազմը դեկտեմբերի 11-13-ը Լեռնային Ղարաբաղում էր:
Այցի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացնել ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում անցկացված հարցման արդյունքները:
Ծրագրում ընդգրկված երիտասարդները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից, ուսումնասիրել են պատերազմի տուժածների՝ փախստականների, նախկին ռազմագերիների ու անհայտ կորածների ընտանիքների հիմնախնդիրները:
Արդյունքներն ամփոփվելուց հետո դրանք ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի կառավարություն, Ազգային ժողով, առանձին պատգամավորների՝ ներկայացնելով այս խմբերի խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների փաթեթ:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի երիտասարդ խաղաղասերները:
Հանդիպման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքների ընթացքում բացահայտված հիմնախնդիրները, դրանց լուծման գործում կարևորեց քաղաքացիական հասարակության՝ մասնավորապես երիտասարդների մասնակցությունն ու դերը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավով նշեց, որ հասարակական կառույցների՝ կազմակերպությունների ու պետական կառույցների միջեւ խնդիր է մնում մշտական համագործակցությունը: Եթե համագործակցությունն ապահովված լինի մշտապես, ապա հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պատերազմից տուժածների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կկատարվեն հնարավորինս արդյունավետ: Թեև ԱԺ նախագահը նշեց, որ այս մարդկանց խնդիրների լուծմանը կարողանում են անդրադառնալ այնքանով, որքանով հնարավորություն են տալիս պետական միջոցները: Իսկ ԼՂՀ-ում պատերազմից տուժածների հիմնախնդիրների լուծման միակ աղբյուրը պետությունն է, միջազգային կառույցների դերն այստեղ գրեթե զրոյական է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի պատճառով:
Արթուր Սաքունցը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին ներկայացրեց կազմակերպության փորձը պատերազմից տուժածների շահերի պաշտպանության ոլորտում: ԼՂՀ ԱԺ նախագահը ողջունելով այն՝ առաջարկեց նույն կերպ համագործակցել նաեւ ղարաբաղցի փախստականների, անհայտ կորածների ընտանիքների ու նախկին ռազմագերիների հիմնախնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:
Երիտասարդ խաղաղասերները և ծրագրի աշխատակազմը հանդիպեցին նաև ”Ազատ հայրենիք” և ”Հայ հեղափոխական դաշնակցություն-Շարժում 88” դաշինքի հետ:
”Ազատ հայրենիք” կուսակցության անդամ, պատգամավոր Գագիկ Պետրոսյանի խոսքերով` ԼՂՀ-ում բացակայում են այն կառույցները, որոնք կարող էին զբաղվել պատերազմից տուժածների խնդիրներով:
Նա նույնպես ընդգծեց ՀԿ-ների դերը այդ գործընթացում:
”Հայ հեղափոխական դաշնակցություն-Շարժում 88” դաշինքի անդամ, պատգամավոր Արմեն Սարգսյանը, անդրադառնալով փախստականներին, նշեց, որ փախստականները ԼՂՀ-ում խնդիրներ թերևս չունեն:
”Մեզ անհրաժեշտ է ունենալ տարբեր իրավիճակներում խոցելի դարձած մարդկանց համար առանձին իրավական կարգավիճակ”,- նշեց դաշնակցական Արմեն Սարգսյանը՝ նկատի ունենալով պատերազմից տուժածների հիմնախնդիրների ամբողջական ուսումնասիրություն հենց կառավարության կողմից՝ հետագայում տարաբաժանելով առանձին կարգավիճակների ու օրենսդրությամբ ամրագրելով դրանց ներկայացվող արտոնությունները:
ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր, մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հակադարձելով դաշնակցական իր գործընկերոջը, առանձնացրեց փախստականների հիմնախնդիրները, որոնք դեռևս համակարգային լուծման կարիք ունեն: Նա մատնանշեց ինտեգրման ու լեզվական դժվարությունները:
ԱԺ անկախ պատգամավորը խնդրի լուծման հնարավոր տարբերակ է համարում հասարակական կազմակերպությունների դերը: Նա առաջարկում է ստեղծել համապատասխան կազմակերպություններ, որոնք կզբաղվեն պատերազմից տուժածների խնդիրներով` կապեր հաստատելով տարբեր կառույցների հետ ու ներգրավելով պատերազմից տուժածներին:
ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից զատ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին նաև ”Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության” նախագահ Վերա Գրիգորյանի հետ:
Կազմակերպությունում, պատերազմի ժամանակ անհայտ կորած զինվորների ծնողներին ներկայացվեց ծրագրի շրջանակներում նկարահանված ”Պատերազմից տուժածները” ֆիլմը:
”Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում” ծրագիրն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: