Գլխավոր դատախազի տեղակալի անօրինական գործողությունների վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել
00:00, October 3, 2011 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել և վերադարձրել է ՀՀ Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը:
Դատախազությունը բողոք էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մայիսի 30-ին կայացրած որոշման: Վերաքննիչ դատարանը վճռել էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2011թ. որոշումը և բավարարել էր երեք հասարակական կազմակերպությունների («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ») վերաքննիչ բողոքը:
Դատարանը ապացուցված էր համարել, որ քաղաքացի Սարգիս Պողոսյանին ՀՀ Գլխավոր դատախազության գրության հիման վրա կալանքի տակ պահելը եղել է անօրինական, քանի որ օրենքով նախատեսված կարգով առկա չի եղել ՀՀ իրավասու դատարանի որոշում: Դատախազության վրա պարտավորություն էր դրվել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները:
ՀՀ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել հուլիսի 19-ին: Սակայն փաստաբան Էդմոն Մարուքյանը համապատասխան հարցում ուղարկելուց հետո հոկտեմբերի 3-ին է տեղեղկացել այդ մասին: Փաստորեն, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Մայիսի 30-ի որոշումը ուժի մեջ է մտել:
«Որոշումը կարելի է դասել նախադեպային նշանակություն ունեցող որոշումների շարքին, քանի որ առաջին անգամն է, որ օտարերկրյա պետության դատարանի որոշման կամ հանձնման հետ կապված գործով դատարանի կողմից մեկնաբանվում է մեր օրենսդրությունը և արձանագրվում ՀՀ Գլխավոր դատախազության և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի կողմից թույլ տրված խախտումների «ծաղկեփունջը»,- ասում է ՀԿ-ների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը: Նա իրավապաշտպան կազմակերպություններին առաջարկում է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու և նախաքննություն իրականացնելու պահանջով դիմել ՀՀ գլխավոր դատախազին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն նրան կալանավորելու վերաբերյալ առկա չի եղել օրենքով նախատեսված ՀՀ դատարանի որոշում:
Պողոսյանին կալանքի տակ են պահել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրություն հիման վրա՝ որի համար հիմք է ընդունվել ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանի կալանավորման մասին որոշումը: Այս փաստը հայտնաբերել են իրավապաշտպան երեք ՀԿ-ների ղեկավարները, ովքեր որպես Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի ներկայացուցիչներ այցելել էին «Նուբարաշեն» ՔՀԿ: