Դատարանը մերժեց իրավապաշտպանների հայցն ընդդեմ դատախազության
00:00, January 18, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀունվարի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց մերժել երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ների ղեկավարները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ առ այն, որ 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը քաղաքացի Սարգիս Պողոսյանը, առանց դատարանի որոշման, գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով ապօրինաբար պահվել է անազատության մեջ և այնուհետև նույն անձի հրամանով ազատ արձակվել:
Դատական նիստի սկզբում դատավոր Գագիկ Ավետիսյանը ներկայացրեց Սարգիս Պողոսյանից ստացած նամակը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնում ԱՄՆ-ից քրեական գործը ստանալու պարագայում պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետությունում: Նա նաև նշում էր, որ ինքը որևէ մեկին չի լիազորել իր իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու և բազմիցս մերժել է իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության առաջարկը:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ նամակը գրվել է ճնշման տակ, իսկ իրենք ոչ թե զբաղվում են Սարգիս Պողոսյանի պաշտպանությամբ, այլ փորձում են դատարանի միջամտությամբ կանխել պետական գործչի ակնհայտ սխալ գործողությունները: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանն էլ մտահոգություն հայտնեց, որ նմանատիպ հակաօրինական գործողությունները չկանխելը կարող է նախադեպ ստեղծել, որպեսզի հետագայում դատախազությունը առաջնորդվի այս գործելաոճով:
Հայցվոր կողմի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մի քանի հարց ուղղեց պատասխանող կողմին, որոնցով փորձում էր պարզել, թե դատախազությունը ո՞ր օրենքի ո՞ր դրույթներով է առաջնորդվել ԱՄՆ Վերջինիա նահանգի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին կալանավորելիս:
Պատասխանող կողմի երկու ներկայացուցիչները հղում կատարեցին տարբեր միջազգային իրավական ակտերի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, Հանձնման մասին եվրոպական կոնվենցիա և երկկողմանի միջազգային այլ պայմանագրեր, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 482 հոդված), սակայն որևէ կոնկրետ իրավական ակտ չմատնանշվեց, քանի որ իրականում այդպիսիք չկային:
Դատավոր Գագիկ Ավետիսյանը, ով, ի դեպ, նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, հաճախ էր միջամտում հայցվոր կողմի ներկայացուցիչներին, ասելով` «այդ հարցին արդեն պատասխանել են», որի արդյունքում պատասխանող կողմը կարողացավ խուսափել հայցվոր կողմի հարցերին սպառիչ պատասխանելուց:
Դատարանը որոշում կայացրեց մերժել հասարակական կազմակերպությունների նախագահների ներկայացրած հայցը: Դատարանի որոշումը հայցվոր կողմը կարող է բողոքարկել 10-օրյա ժամկետում:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը լրագրողների ասաց, որ իրենք պատրաստվում են որոշումը բողոքարկել: «Դատախազությունը այսօր փորձում է հիմնավորել, որ դատախազի բանավոր պայմանավորվածությունները ավելի կարևոր են, քան Սահմանադրությունը»,- նշեց նա` ավելացնելով, որ եթե Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում էլ արդյունքի չհասնեն, կդիմեն նաև սահմանադրական դատարան:
«Դատավորի կաշկանդվածությունն ակնհայտ էր, նա որևիցե մասնակցություն չունեցավ հայցադիմումի քննությանը, հարցեր չտվեց պարզաբանումներ ստանալու համար, դա ինձ հուշում է, որ դատավորն ի սկզբանե որոշակի կողմնորոշում ուներ»,- լրագրողներին ասաց Արթուր Սաքունցը:
«Ըստ Ձեզ, դատավորն անաչա՞ռ էր» www.hra.am-ի հարցին հայցվոր կողմի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը պատասխանեց. «Աչառությունը շատ դեպքում երևում է հրապարակված դատական ակտից: Եթե մեր հայցը մերժվել է, իսկ մեր դիմումը ակնհայտ հիմնավոր էր, ապա դատարանի ակտը մենք գտնում ենք անհիմն»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հակաօրինական գործողությունները բացահայտել է ՔՀԿ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որը ծանոթացել է Սարգիս Պողոսյանի գործին և հայտնաբերել է, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կողմից կայացված որևէ որոշում չկա:
«Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, թե դատախազն ինչ գործառույթ ունի: Նա չի կարող դիմել ՔՀԿ-ի պետին, որ անձին կալանավորեն կամ ազատեն»,- մեկնաբանեց Ռևազյանը:
«Մենք իմացանք, որ դատարանի վարույթում կա ԱՄՆ Վերջինիա նահանգի դատարանի որոշումը կալանավորման վերաբերյալ, սակայն պատճենները դատարանը չտրամադրեց, ընդամենը ասաց, որ կարող եք դիմել և ծանոթանալ»,- ասում է փաստաբանը` պարզաբանելով, որ ԱՄՆ-ի դատարանի որոշումից զատ դատախազությունը պետք է ունենար նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ դատարանի որոշում:
«Պատասխանող կողմը որպես հիմնավորում բերում է Եվրոպական կոնվենցիան, բայց կոնվենցիան, նախ, ԱՄՆ-ի կողմից պետք է վավերացված լինի, հետո կիրառվի: Իրենք պնդում էին, որ առանց վավերացնելու էլ կիրառվում է: Մենք խնդրեցինք, որ իրենք նշեն որևէ դատական ակտ, որտեղ հղում արված լինի Եվրոպական կոնվենցիային, սակայն որևէ դատական ակտ այդպես էլ չմատնանշվեց»,- նշեց Ռ.Ռևազյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը ` www.hra.am