Ինչո՞ւ են Վանաձորում ոտնձգություն անում նույն ոստիկանի հարազատի ու ունեցվածքի դեմ
00:00, June 13, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներԵրբ ուսումնասիրում էի Վերաքննիչ քրեական դատարանի երեկվա օրակարգում գտնվող գործերը, պարզվեց գործերից մեկով տուժողի անունը ամիսներ առաջ հիշատակվել էր բազմաթիվ լրատվամիջոցներով` մի դաժան սպանության դեպքով:
Խոսքը հոկտեմբերի 6-ի երեկոյան, Վանաձորի Զաքարյան փողոցի խանութներից մեկում հորդառատ անձրևի ժամանակ դաժանաբար սպանված 59-ամյա Սվետլանա Կազազյանի մասին է: Խանութի տնօրենի վիզը կտրել էին ականջից ականջ: Այդ ժամանակ խոսակցություններ շրջանառվեցին, որ սպանությունը հնարավոր է կապված լինի նրա որդու` ոստիկանության աշխատակից, քրեական հետախուզության օպեր-լիազոր, գնդապետ Մովսես Իսկանդարյանի գործունեության հետ: Այս վարկածը կարծես թե հետզհետե հաստատվում է:
Մինչ սպանությանը հետևած իրադարձություններին անցնելը, նշենք, որ դեպքից օրեր առաջ նույն Ս.Կազազյանի խանութից գողություն է եղել: Այդ գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, 2011թ. մարտի 24-ին արագացված դատաքննությամբ 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Սպիտակի բնակիչ, 27-ամյա Արգամ Արղամանյանին` այդ պատժաչափի մեջ ներառելով նախկինում, կրկին գողության համար ունեցած դատվածության չկրած մասը: Երեկ այդ դատաճիռը բողոքարկվում էր Վերաքննիչ քրեական դատարանում, և ամբաստանյալը խնդրում էր պատժի մասով բեկանել դատավճիռը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել ու նշանակել ավելի մեղմ պատիժ:
Ինչ վերաբերում է արդեն հոկտեմբերի 6-ի դաժան սպանությանը, ապա ամենից շատ դիտարկվում էր վրեժխնդրության վարկածը (թեև պաշտոնապես փորձում էին հերքել), քանի որ սպանությունը դաժան էր, և մարդասպանը խանութից ոչինչ չէր վերցրել: Բայց դրան հետևած իրադարձությունները մի քիչ տարօրինակ և անսպասելիորեն դաժան հետևանքներ ունեցան: Հաջորդ օրը հաղորդագրություն տարածվեց, որ Վանաձորի բնակիչներ Սվետլանա Կազազյանի և Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ կատարած հանցագործությունների մեղայականով ներկայանալով իրավապահներին` նույն քաղաքի բնակիչ Սլավիկ Ոսկանյանը հոկտեմբերի 7-ին ձերբակալվել է և դատարանի որոշմամբ տեղափոխվել կալանավայր: Կալանավորելուց 17 օր անց Սլավիկին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մահացած էին գտել:
Բժշկական նախնական ախտորոշմամբ` Ս.Ոսկանյանը մահացել էր թուք ներարկելու հետևանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենայից: Ու թեև քննիչը փորձում էր հավաստիացնել, թե Սլավիկի մարմնի վրա մեկուսարան տեղափոխելիս էլ որևէ քերծվածք չի եղել, այդուհանդերձ, ՔԿՀ-ում Սլավիկի ձեռքով գրված և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հասած նամակից տեղեկանում ենք, որ ոստիկանությունում նրան ճնշել են ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես:
Ավելի վաղ մենք հանդիպել էինք նաև 4 երեխաների հայր, 33-ամյա Սլավիկի կնոջը` Շուշանիկին: Նա նամակի ձեռագիրը տեսնելուց հետո հավաստել էր, որ դա իրոք կարող է ամուսնու գրածը լինել, քանի որ և ձեռագիրն ու ոճն էին նման, և շարադրվածը համընկնում էր ճակատագրական օրվա` իր տեսած ու իմացած անցուդարձի հետ: Բայց Սլավիկն իմացել է, որ բանտից այլևս դուրս չի գալու, և գուցե այդ նպատակով այնտեղից «դուրս պրծնելու» ճանապարհներ է փնտրել: Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխվելիս նա կնոջը` Շուշանիկին, ասել է. «Սա մեր վերջին հանդիպումն ա, կտեսնես, որ ես էլ չեմ գալու…»:
Այդ օրերի ընթացքում Շուշանիկին հնարավորություն են տվել կարճ տեսակցություն ունենալ ամուսնու հետ: Նա «Ժամանակ»-ի հետ ունեցած զրույցում պատմել էր. «Երբ փոքրիս (10 ամսական երեխայի) հետ գնացել էի տեսակցության, ինքը (Սլավիկը) բերդ տանելուց առաջ շատ լաց եղավ. ասեց` սա մեր վերջին հանդիպումն ա, արդեն տեղափոխում են, բայց դրանից առաջ էլ երկու օր` վրա-վրա գնացել եմ տեսակցության, տրամադրությունը նորմալ էր, բայց հետո արդեն շատ ընկճված, շատ հուսահատված էր, հնարավոր ա ճնշումներ եղած լինեին, քանի որ հնարավոր չէ, որ մի օրվա մեջ այդքան հուսահատվեր, որ ասեր` ես էլ չեմ գալու, ինչից վերցրեց, որ էլ չի գալու…
Մինչև էդ իրան խոստանում էին, ասում էին, որ քեզ կտանենք հոգեբուժարան, անմեղսունակ կճանաչեն, մի քիչ կբուժեն, բաց կթողնեն, իսկ երրորդ օրն ասեց` սա մեր վերջին հանդիպումն ա, կտեսնես, որ ես էլ չեմ գալու: Ինքը ինձ ասել ա, որ սպանություն չի արել, ու ես հավատում էի, որովհետև էդ ժամերին ինքը տանն ա եղել»: Իսկ ինչի՞ մասին էր խոսել ամուսնու հետ արդեն «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ: Շուշանիկը նշել էր, որ չի հավատում ինքնասպանության վարկածին. «Եթե նույնիսկ էդ թուքը սրսկել էր իր ոտքի մեջ, դա միայն այն բանի համար, որ իրեն արագ կերպով տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց»: Ինձ հեռախոսով ասեց, որ սրսկել ա, դա ինձ ասեց հինգշաբթի` 21-ի լույս 22-ի գիշերը, ասեց` վատ եմ, պառկած եմ, չեմ կարողանում քայլեմ…
Ասեց, որ դատախազը եկել տեսել էր վիճակը, բայց ասել էր, որ չենք տեղափոխելու ոչ մի հիվանդանոց… Ինքը էնքան շատ էր սիրում կյանքը, մանավանդ ես իրեն ասել էի` համբերի, ես երկուշաբթի օրը կգնամ գլխավոր դատախազի մոտ` բողոք գրելու, որ չեն տեղափոխում, ինքն էլ ասեց` հա, գնա, չհետաձգես, բայց կիրակի օրը (2 օր անց) մահացել էր: Հնարավոր է, որ մեր խոսակցությունն են գաղտնալսել, որ ես պատրաստվում եմ Երևան գնալ…»: Մնացածը հասկանալի է դառնում Արթուր Սաքունցին հասցեագրած նամակից:
Դրանում նա նկարագրել է իր ամբողջ օրվա շարժը, նույնիսկ խոստովանել է, որ հոկտեմբերի 6-ին ժամը 23.50-ի սահմաններում ինքը ավազակային հարձակում է արել մի կնոջ նկատմամբ և ինչ-որ բան հափշտակելուց հետո գնացել ինտերնետ ակումբ, բայց Սվետլանա Կազազյանի սպանության հետ կապ չունի (նամակը ներկայացվում է առանց ուղղումների). «Ժամը 01.34-ին ինձ ձերփակալեցին ինտերնետ ակումբից: Որից հետո 4 օր շարունակ ես ճնշվել եմ հոգեպես ոստիկանության տարբեր աշխատակիցների կողմից` նաև այդ 4 օրվա ընդացքում ինձ չէին թողնում հանգստանալ և անդհատ ինձ ճնշումեին ու վախացնելով որ վնաս կպատճառեն իմ ընտանիքիս ամեն կերպ փորցումեին և վիրաորելով տարբեր անառժան խոսքերով փորցումեին բարթել ինձ վրա այդ սպանությունն, պատմելով տարբեր մանրամասներ սպանության և խանութի մասին` թե ինչ ձևի է խանութը թե դրսից, թե ներսից:
Նրան շուտ շուտ փոխում էին իրար գնում հանգստանում իսկ ես մնումեի այնտեղ և շարունակումեին ինձ քննել, ինձ միայն տալիս եին սրտի դեղ իմանալով իմ սիրտս անառողճ է: Ինձ տանում եին տարբեր սենյակներ շարունակում եին ճնշել տանջել անքնությունով պահել սոված միայն տալիս եին սուրճ (դառը) սրտի դեղեր և ծխախոտ` նշեմ որ մինչ ինձ մեղադրելը դեմի մոտ 2-3 ժամվա ընդացքում ուղարկել են ծեծի: տեսնելով որ իրանց կողմից ճնշումները ինձ դա չեն ազդում, ինձ տվեցին 5 րոպեյով տեսակցություն արդեն երրորդ անգամ և ինձ կինըս` Շուշանիկը հայտնեց որ Սլավ ջան մեզի արդեն սպառնալ են սկսել տեսակցվել եմ միլ պետի Ա. Սերգեի (Սերգեյ Ավետիսյանի.- Է.Մ.) կաբինետում, որից հետո որ կինըս գընումեր և ասաց որ սպանությունն օվա, օվչի էդ դուն ես նայի ընտանիքդ գնումա եթե որևվե մեքենայի տակ իրենց գցեն ոչ ոք չի իմանա թե օվ սպանեց ընտանիքդ` ես վախենալով որ իրենք կվնասեն ընտանիքիս և ես խնդրելով միլ պետին որ ընտանիքիս ձերք չտան, ես կգրեմ որ մթոմ ես եմ կատարել այդ սպանությունն:
Նշեմ որ ես սպանությունից տեղյակ չեմ ես չեմ արել և ընդանրապես սպանվածին չեմ ճանաչել, ընդանրապես ես սպանության մանրուքների և խանութի մանրամասների մասին իմացել եմ ոստիկանության աշխատակիցներից այդ 4 օրվա ընդացքում: Ինձ ընդեղ օպերներից մեկը քանդեց ձերնաշղթաս և որ ես չդիմեցի փախուստի նա ինձ ասաց, դուխտ հերիք չարեց, և նույն գիշերը հայտնեց ինձ որ մենք տվինք հնարաորություն որ դու փախնես և մենք քեզ մեր ընկերոջ մոր համար խփեինք Պարոն Ա. Սաքունց խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք բոլոր հանգամանքները, նորից եմ կրկնում ես սպանություն չեմ արել և դա գրել եմ որ մթոմ ես եմ, վախենալով որ իմ ընտանիքիս վնաս կպաճառեն ոստիկանության աշխատակիցները»:
Այս նամակը հիմք ընդունելով էլ` Արթուր Սաքունցը հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայությանը` պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Առաջիկայում կանդրադառնանք նաև այս գործին` հասկանալու նաև, թե ինչու են նույն ոստիկանի հարազատների և ունեցվածքի դեմ անընդհատ ոտնձգություն անում: