Հանդիպում փախստական ընտանիքի երիտասարդների հետ
00:00, December 20, 2007 | Քննարկումներ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԴեկտեմբերի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Փախստական ընտանիքների երիտասարդների խնդիրները» թեմայով քննարկում բանակցությունների շաբաթվա շրջանակներում:
Քննարկումը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փախստականների հարցերով զբաղվող Կրինգո ցանցի հետ համատեղ, որի նպատակն էր վեր հանել փախստական ընտանիքների երիտասարդների առկա խնդիրները:
Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ Կրինգո ցանցից, ՀՔԱ Հայաստանի Կոմիտեից, Նոր Խաչակապ գյուղի բարձր դասարանների աշակերտներ և ուսանողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ընդհանուր ծանոթությունից և հանդիպման նպատակի վերաբերյալ ներկաներին տեղեկացնելուց հետո փախստական ընտանիքների երիտասարդ ներկայացուցիչները առաջ քաշեցին իրենց հուզող խնդիրները, ինչպիսիք են՝ գյուղի գազաֆիկացման, բնակարանային, տրանսպորտի, կրթական, դպրոցում համակարգչային սարքավորումներ և գրադարան ունենալու, աշխատատեղեր ստեղծելու խնդիրները: Փախստական ընտանիքների երիտասարդ ներկայացուցիչները ներկայացրեցին նաև իրենց առաջարկությունները գյուղում առկա խնդիրների վերացման վերաբերյալ:
Քննարկման վերջում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված Հարավային Կովկասում փախստական ընտանիքների խնդիրներին: