Հասարակական կազմակերպությունները բողոքարկեցին վերաքննիչ դատարան
00:00, March 29, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ. մարտի 25-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը եւ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
2011 թ. հունվարի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ների ղեկավարները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ՝ առ այն, որ 2010 թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը քաղաքացի Սարգիս Պողոսյանը, առանց դատարանի որոշման, գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով ապօրինաբար պահվել է անազատության մեջ և այնուհետև նույն անձի հրամանով ազատ արձակվել:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջում է բողոքն ընդունել վարույթ, բեկանել Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հունվարի 18-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին իրավապաշտպանների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցել քրեական հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ:
Կից ներկայացվում է վերաքննիչ բողոքը:
Հոդվածին կցագրված ֆայլեր
ՀԿ-ների վերաքննիչ բողոքը (174 KB)