Ղարաբաղում ադրբեջանցիներ չեն պահվում
00:00, August 4, 2006 | Հայտարարություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ«Լեռնային Ղարաբաղը գերիներ, ռազմագերիներ չի պահում իր տարածքում»,-պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղի՝ անհայտ կորածների պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
«Իսկ նախկինում ադրբեջանցի գերիներ պահվե՞լ են Ղարաբաղում» հարցին Վիկտոր Քոչարյանը դրական պատասխան տվեց:
«Ղարաբաղյան պատերազմը ծաղրանք էր երկու ազգերի նկատմամբ,-«Հելսինկյան նախաձեռնություն 92» ՀԿ կազմակերպած կոնֆերանսում հայտարարեց ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաևան,-ու մենք հասկացանք, որ եթե այն լիներ հայկական խնդիր, ապա մենք հեշտությամբ կնստեինք սեղանի շուրջ ու կխոսեինք»: Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Ղարաբաղի իրավապաշտպանները, հասարակական գործիչներն ու պատերազմում անհայտ կորած զինվորների հարազատները մեկօրա կոնֆերանսի ընթացքում քննարկեցին ղարաբաղյան պատերազմի հետևանքներն ու Հարավային Կովկասում գոյություն ունեցող կոնֆլիկտների ազդեցությունը տարածաշրջանի խաղաղ բնակչության կենսագործունեության վրա: Ղարաբաղյան պատերազմն իր բոլոր դրսևորումներով հանդերձ դեռևս օդում կախված է թողնում անհայտ կորած մարդկանց խնդիրները: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի ցանցում ընդգրկված կազմակեպությունները նիդերլանդական Միջեկեղեցական Խաղաղության խորհրդի աջակցությամբ գործողություններ են իրականացնում անհայտ կորած մարդկանց որոնման, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների որոշման ու լուծման, և որ ամենակարևորն է, դրանք օրենսդրական դաշտում ամրագրելու ուղղությամբ: Պատերազմից հետո դեռևս երեք երկրներն էլ չեն կարգավորել անհայտների խնդիրները,որոնք ամրագրված չեն իրավական ակտերում, ինչը խնդիրներ է ստեղծում նրանց ընտանիքների սոցիալական աջակցության ոլորտում: Որպեսզի ընտանիքը օգտվի որևէ օգնությունից, առաջին հերթին պետք է մահացած ճանաչի պատերազմում անհայտ կորած հարազատին: Կոնֆերանսին ներկա անհայտ կորած զինվորների ծնողները միանշանակ դեմ են այս մեխանիզմին, և գտնում են, որ արդեն ժամանակն է կարգավորել խնդիրը: Արզու Աբդուլաևան օրինակ բերեց, երբ իրենց կազմակերպությունն արդեն 80 դատական գործ է ներկայացրել դատարան, որն էլ որոշել է կարգավիճակը թողնել նույնը և անհայտ կորածի ընտանիքին ապահովել 1100-ական դոլարով: Իր զեկույցի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց արդեն մշակված մի օրինագիծ, որը սահմանում է պատերազմի ընթացքում և հետո անհայտ կորածների կարգավիճակը, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներն ու լուծման ուղղությունները: Օրինագծով առայժմ հետաքրքրված է Դաշնակցություն կուսակցությունը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելու ուղղությամբ: Անհայտ կորածների խնդիրներով փորձագետների այս հանդիպման ընթացքում որպես հակամարտող կողմերի միջև կայացած համագործակցության օրինակ ներկայացվեց վրաց-աբխազական հասարակական կազակերպությունների փորձը: Նինելի Անդրեաձեն, ով ներկայացնում է «Մոլոդինի» վրացական կազմակերպությունը և միաժամանակ համարվում է անհայտների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի անդամ, պատմեց աբխազական կողմի հետ ունեցած համատեղ գործողությունների մասին: Նրանք փոխանակել են գերի զինվորների դիակներ, կատարել վերահուղարկավորում, ստեղծել անհայտների ու ռազմագերիների թանգարան, ձևավորել տեղեկատվական բազա: Իսկ որ ամենակարևորն է, վրաց-աբխազական համատեղ միջոցառումների արդյունքում հաղթահարվել է թշնամու կերպարը, և Նինելի Անդրեաձեն, որը որևէ տեղեկություն չունի իր որդու գտնվելու մասին, սիրով է խոսում աբխազ զինվորների մասին, «որովհետև նրանք պաշտպանել են իրենց հայրենիքը»: Մեկօրա կոնֆերանսի մասնակիցներին ՀՔԱ վրացական և ուկրաինական ՀՔԱ ներկայացուցիչը ներկայացրեց Միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներն ու անհայտ կորած զինվորի, քաղաքացու իրավունքները Հարավային Կովկասում: Կոնֆերանսի ընթացքում առաջարկություն եղավ համատեղ հայտարարությամբ դիմել երեք երկրների պատկան մարմիններին՝ շեշտելով հակամարտության հետևանքով անհայտ կորած մարդկանց ու նրանց ընտանիքների խնդիրների լուծման հրատապությունը: Ղարաբաղցի լրագրող Կարինա Օհանյանը կիսեց իր լրագրողական փորձը ռազմագերիների, անհայտ կորած զինվորների խնդիրների մասին հրապարակումների վերաբերյալ: Կոնֆերանսի մասնակից հայկական, ադրբեջանական ու վրացական պատվիրակություններին ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Միջազգային հանրության կողմից ճանաչված պետության ղեկավարը ողջունեց նման հանդիպումներն ու քաղաքացիական հասարակության մասնակցության անհրաժեշտությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման տեսակետից, գնահատեց ադրբեջանական պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ և շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին: Միևնույն ժամանակ, անկախ մասնակցությունից, առաջին հերթին ադրբեջանական ու հայկական հասարակությունները պետք է պատրաստ լինեն միմյանց լսելու ու դիմացինին ընդունելու ոչ թե որպես թշնամի, այլ որպես կոնֆլիկտի մասնակից: Կոնֆերանսի մասնակիցները այցելեցին Գանձասար, Շուշի, այնտեղ գտնվող մեկուսարան, ծանոթանալ պայմաններին, բանտարկյալների հետ: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Շուշիում գտնվող բանտարկյալներին ու փարատել կասկածներն այն մասին, թե այդտեղ հնարավոր է գտնվեն նաև ադրբեջանցիներ:
Նաիրա Բուլղադարյան