Սաքունցը չի կարող այցելել Նիկոլին
00:00, December 16, 2010 | Նորություններ | Քաղբանտարկյալներ, Քրեակատարողական հիմնարկներԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության օրերս տարածած հայտարարությունը շատ թույլ փորձ է` հերքելու այն մեղադրանքները, որ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանը: Նման համոզման է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՔԿՀ վարչությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպանի ներկայացրած փաստերը իրականության հետ առնչություն չունեն:
Արթուր Սաքունցը, անձամբ խոսելով փաստաբանի հետ, հանգել է այն եզրակացության, որ խախտվել է Նիկոլ Փաշինյանի իրավական աջակցություն ստանալու իրավունքը. «Ըստ էության փաստաբանը պետք է իր պաշտպանյալի հետ կարողանա հանդիպել այնպիսի պայմաններում, որ ազատ լինեն եւ խոսակցությունը հասանելի չլինի այլ երրորդ անձի: Իսկ այն, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը թեկուզ եղել է դռան մյուս կողմում, բայց դուռը բաց է եղել, արդեն խոսում է այն մասին, որ գաղտնապահության եւ խորհրդապահության սկզբունքը խախտվել է»:
Պաշտոնական հայտարարության մեջ հերքվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի նամակագրության իրավունքի խախտման փաստը, ինչի հետ եւս համաձայն չէ Արթուր Սաքունցը: «Հերքման մեջ որեւէ խելամիտ, տրամաբանական հիմնավորում չէր ներկայացվել, որ իրապես ապահովում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապի հետ իրավունքը: Ավելին, կասկածները՝ այդ իրավունքի խախտման վերստին ավելի խորացան»,- ասաց նա «Ա1+»-ին:
Ի դեպ, իրավապաշտպանը, որ նաեւ ԱՆ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն է, նոյեմբերի 18-ից հնարավորություն չի ունեցել այցելել Նիկոլ Փաշինյանին:
«Ունեցել ենք վկայականներ, որոնցով այցելել ենք: Հիմա խումբը գոյություն ունի, բայց վկայականները չկան, որովհետեւ նախարարի կողմից պետք է լիներ հրաման խմբի անդամագրման հետ կապված եւ նոր հրամանի հիման վրա պետք է տրվեր վկայականները»,- ասաց նա: Այժմ նամակով դիմել են քրեակատարողական վարչության պետին եւ սպասում են պատասխանի: Սակայն մինչ այդ, խմբի նախկին այցելությունների հիման վրա հրատապ հաշվետվություն են ներկայացրել նախարարություն, թե ինչպես են նկատել բռնության եւ արյան հետքեր Նիկոլ Փաշինյանի հագուստի եւ այլ պարագաների վրա:
«Նրանք արդեն պատասխանել են, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը: Բայց մենք գտնում ենք, որ պետք էր ներկայացնել նաեւ քննության արդյունքները՝ ինչքանո՞վ են դրանք հիմնավոր եւ օբյեկտիվ քննության առարկա դարձել: Ավելի շատ կասկածի տակ են դրվում փաստերը, քան հերքվում են այդ փաստերը»,- ասաց նա:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2010/12/16/sakunts-nikol