Սաքունցն արձագանքեց Փաշինյանին
00:00, December 14, 2010 | Նորություններ | Քաղբանտարկյալներ, Քրեակատարողական հիմնարկներ«Սա փաստաբանի եւ դատապարտյալի իրավունքների կոպիտ ոտնահարում է, որովհետեւ փաստաբանի հետ հանդիպումը պետք է լինի խորհրդապահական: Այսինքն, որեւէ այլ անձ իրավունք չունի փաստաբանի եւ նրա պաշտպանյալի հանդիպմանը ներկա գտնվել»:
Henaran.am- ի հետ զրույցում անդրադառնալով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ նշել է իրավապաշտպան, ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը չեն ապահովում Սահմանադրությամբ նախատեսված իր իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունը: ՔԿՀ ղեկավարությունը թույլ չէր տվել լրագրողին առանձին հանդիպել իր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ:
Բացի այս, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ զրկված է արտաքին աշխարհի հետ նամակագրական կապից: «Արտաքին աշխարհի հետ կապի դադարեցումը լինում է միայն քննիչի որոշման հիման վրա եւ ոչ կամայական: Այն, ինչ կատարվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ակնհայտորեն նրա իրավունքների ոտնահարում է ՔԿՀ կողմից»,- Henaran.am- ի հետ զրույցում շարունակեց Արթուր Սաքունցը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող խմբի անդամները ՔԿՀ մուտք գործելու վկայականներ չունեն, ուստի չեն կարող այցելել «Արթիկ» ՔԿՀ եւ տեղում իրավիճակն ուսումնասիրել: «Այդ հարցի վերաբերյալ մենք Քրեակատարողական վարչությունում հանդիպում ենք ունեցել եւ պարզել, որ դա պետք է լինի նախարարի հրամանով:
Նախարարի հրամանը չի եղել, երկարաձգվել է», -տեղեկացրեց Արթուր Սաքունցն ու հավելեց, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գեւորգ Մալխասյանին լրացուցիչ նամակ է հղվել` ՔԿՀ մուտք գործելու վկայական տրամադրելու եւ վկայականների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ:
«Ըստ էության նախարարության եւ ՔԿՀ ընթացակարգային հարաբերությունների պատճառով մենք չենք կարողանում վկայականներ ստանալ»,-ասաց իրավապաշտպանը:
Henaran.am-ի հարցադրմանը, թե արդյոք միտում կա այս ամենի մեջ, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի որ տվյալ պահին իսկապես տեխնիկական խնդիրներ կան` խմբի հին անդամների վկայականները տրվում է 5 տարի ժամկետով, եւ ժամկետը լրացել է, իսկ խմբի նոր անդամների հրամանը նախարարությունը պարտավոր է մինչեւ դեկտեմբերի 25-ը տալ:
«Եթե դեկտեմբերի 25-ից հետո կրկին ժամկետը չերկարաձգվի, ես այլ մեկնաբանություն կտամ»,-հավելեց իրավապաշտպանը: Հիշեցնենք, որ առանց այդ վկայականների, 9 հոգանոց խմբի անդամները զրկված են ՔԿՀ մուտք գործելու հնարավորությունից:
Աղբյուրը՝ http://henaran.am/full_news.php?id=6948