Քաղաքացիական ֆորում՝ նվիրված փախստականների հիմնախնդիրներին
00:00, September 8, 2007 | Քննարկումներ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ«Ունենալ կամ չունենալ» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՀՔԱ Հայաստանի Կոմիտեի կողմից, Փախստականների դանիական խորհրդի աջակցությամբ, 2007 թ-ի սեպտեմբերի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կազմակերպվեց քաղաքացիական ֆորում՝ նվիրված փախստականների հիմնախնդիրներին:
Ֆորումին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ Ա. Հարությունյանը, Վանաձորի ՍԾՏԲ ներկայացուցիչը, փախստականների հարցերով զբաղվող GRINGO ցանցի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ և լրագրողներ: Հրավիրված ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպմանը ներկա չգտնվեցին:
Ֆորումի կազմակերպիչ, ՀՔԱ Հայաստանի Կոմիտեի ներկայացուցիչ Մ. Ղազարյանցը ներկայացրեց «ՈՒնենալ կամ չունենալ» ծրագրի շրջանակներում Կոտայքի, Շիրակի, Լոռու մարզերում և Երևանում իրականացված գործունեությունը՝ ուղղված վարձով կամ ազգականների բնակարաններում բնակվող փախստականների բազմաթիվ հիմնախնդրիրների լուծմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնակարանային խնդրին:
Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և իրականացված ուսումնասիրությունները ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ Ա. Հարությունյանը: Խնդրի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրեց նաև Սախարովի անվան ՄԻ ՊՀԿ ներկայացուցիչ, փորձագետ Ս. Մարտիրոսյանը: Ֆորումի ընթացքում կարևորվեց հասարակական սեկտորի և ԶԼՄ-ների դերը՝ իրազեկելու փախստականներին իրենց իրավունքների վերաբերյալ և նպաստելու նրանց ակտիվության բարձրացմանը:
Ֆորումի վերջում մասնակիցները ներկայացրեցին փախստականների հիմնախնդիրների լուծմանն ուղղված իրենց առաջարկությունները, որոնց հիման վրա կմշակվեն համատեղ հետագա քայլեր: